National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.11.2017
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը
1 / 10

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարի ելույթն ամբողջությամբ՝ տես այստեղ :

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների անունից ողջունել է ներկաներին եւ գոհունակություն հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ:

Պարոն Ղուլյանը կարեւորել է նախորդ երկու տարիներին խորհրդարանների պատգամավորների՝ տարբեր ձեւաչափերով բազմաթիվ հանդիպումները, ինչը հուսալիորեն ապահովել է երկու խորհրդարանների միջեւ լիարժեք փոխգործակցությունը:

«Միայն 2016 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին Արցախ են այցելել Հայաստանի խորհրդարանի գրեթե բոլոր պատգամավորները եւ, առանց բացառության, բոլոր պատգամավորական խմբակցությունները՝ շատ հաճախ իրենց հետ բերելով օտարերկրյա խորհրդարանների մեր գործընկերներին»,-նշել է Արցախի խորհրդարանի ղեկավարը:

Նա ընդգծել է մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ու թեմատիկ քննարկումների արդյունավետությունը. դրանց ընթացքում է ուրվագծվում հարցերի այն շրջանակը, որը ներառվում է միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգում:

ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ իրենք գնահատում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող ու կողմնակալ ձեւակերպումներով նախաձեռնություններին դիմագրավելու ուղղությամբ:

«Այսօրվա համատեղ քննարկումները, վստահ եմ, մեզ կհուշեն, թե որ ուղղությամբ պետք է ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ դրանք առավել արդյունավետ ու ժամանակի պահանջներին համահունչ մեխանիզմների փոխակերպելու նպատակով»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով օրակարգում ընդգրկված՝ Հայաստանում ու Արցախում հետսահմանադրական գործընթացների ընդհանրություններին ու առանձնահատկություններին առնչվող թեմային՝ պարոն Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտում համատեղ քննարկումների եւ խորհրդատվությունների անհրաժեշտություն կա:

«Նախորդ տարիների մեր համատեղ աշխատանքից իմ գոհունակությունն ուզում եմ հայտնել հետեւյալ ձեւակերպմամբ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար ամենակայացածն է, արդյունավետն ու պահանջվածը: Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլեւ յուրատեսակ խողովակ է մեզ համար՝ ինչպես տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ միջազգային խորհրդարանական ամբիոններից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար»,-ասել է Արցախի խորհրդարանի ղեկավարը:

Ամփոփելով խոսքը՝ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ ջերմ ընդունելության, ստեղծված ավանդույթներն ամեն կերպ պահպանելու եւ զարգացնելու պատրաստակամության համար եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Այնուհետեւ խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:

«Հետսահմանադրական գործընթացները Հայաստանում եւ Արցախում. ընդհանրություններ ու առանձնահատկություններ» թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ գոհունակությամբ ընդգծելով այն փաստը, որ թե՛ Հայաստանը եւ թե՛ Արցախը հետսահմանադրական փոփոխությունների առաջին ալիքը հաջողությամբ հաղթահարել են. ՀՀ-ում ընդունվել են երկու կարեւոր օրենքներ՝ «Ընտրական օրենսգիրքը» եւ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքը, իսկ Արցախում՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում համապատասխան փոփոխությունները: Պարոն Թովմասյանն ընդգծել է, որ երկու սահմանադրություններն էականորեն տարբերվում են՝ հատկապես կառավարման ձեւի տեսանկյունից, բայց դրանք նույնական են մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների ու երաշխիքների հարցում, ընդհանրական են նույն փիլիսոփայությամբ առաջնորդվելու տեսանկյունից՝ արդյունավետ կառավարման համակարգ եւ պետություն ունենալու հարցում: Հաշվի են առնված երկու պետությունների առանձնահատկությունները. երկու պետությունները չեն գնացել միմյանց նմանակելու, օրենսդրությունը մեխանիկորեն վերարտադրելու ճանապարհով:

Խոսելով ընդհանրություններից՝ ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ եւ Հայաստանում, եւ Արցախում կա մեկ կարեւոր ընդհանրություն՝ ձերբազատում երկփեղկված գործադիր իշխանության համակարգից:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ հետընտրական գործընթացների, քաղաքական համակարգի կայունության եւ կանխատեսելիության առումով ՀՀ նոր Սահմանադրությունն արդեն իսկ տվել է իր դրական արդյունքը: Նշվել է, որ դեռեւս սպասվում է երկու կարեւոր օրենքների ընդունում՝ «Դատական օրենսգիրք» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենք: Հաջորդ կարեւորագույն փոփոխությունը կառավարության կառուցվածքի եւ գործունեության կարգին վերաբերող իրավակարգավորումներն են, որոնցով առաջին անգամ կառավարության գործունեությունը պետք է սահմանվի օրենքով:

Պարոն Թովմասյանը կարեւորել է օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրությանը եւ մայր օրենքի դրույթների լիարժեք կենսագործումը:

ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, ներկայացնելով Արցախում սահմանադրական զարգացումները եւ բարեփոխումները, նշել է, որ Արցախում սահմանադրական բարեփոխումները հաջորդել են ապրիլյան պատերազմին, որը հետք է թողել գործընթացի վրա: Նշվել է, որ հանրաքվեի է ներկայացվել պետական կառավարման նախագահական մոդելը: Պարոն Ջիվանյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունն էապես տարբերվում է ինչպես նախորդից, այնպես էլ ՀՀ սահմանադրություններից:

Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է ԱՀ նոր Սահմանադրության դրույթներն ու առանձնահատկությունները: Պատգամավորը տեղեկացրել է, որ նոր Սահմանադրության ընդունմամբ օրենսդրական մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն է առաջացել. այդ հանգամանքով պայմանավորված կատարվել են Ազգային ժողովի կարողությունների հզորացմանն ուղղված աշխատանքներ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հատկապես միջհանձնաժողովային ձեւաչափով համագործակցությունը, փոխադարձ կապերի ակտիվացումը եւ համագործակցության նոր հնարավորությունների արդյունավետ կիրառումը:

Հիմնական զեկուցողներին ուղղված հարցերն առնչվել են նոր Սահմանադրությանը օրենսդրության համապատասխանեցման գործընթացին, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովմանն ուղղված քայլերին, տեղական իշխանությունների ձեւավորմանը, մասնավորապես սահմանամերձ համայնքների վրա խոշորացման գործընթացի ազդեցությանը:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ դրական գնահատելով ՀՀ եւ ԱՀ խորհրդարանների համագործակցությունը: Նա նշել է, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի խորհրդարանականները մշտապես բարձրացնում են Արցախի ժողովրդի արդար պահանջը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջազգային հարթակներում Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի շրջանակն ընդլայնելու եւ Արցախ այցելող պատգամավորների թիվն ավելացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ Արցախի խնդիրը որեւէ առնչություն չունի Կատալոնիայի, Ղրիմի, Օսեթիայի եւ Աբխազիայի խնդիրների հետ. այն բոլորովին այլ խնդիր է: «Մենք պետք է կարողանանք բոլոր հարթակներում մեր եվրոպացի գործընկերներին ասել, որ Արցախի Հանրապետությունն անջատվել է Խորհրդային միությունից նույն օրենսդրական նորմերով, ինչ Խորհրդային միության յուրաքանչյուր սուբյեկտ»,-ասել է նա եւ հավելել, որ եթե Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, այժմ ԵՄ անդամ հանդիսացող Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի անկախությունները:

Նշվել է, որ Արցախի Հանրապետությունը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիսներից մեկը:

«Եթե Ադրբեջանում գնում են դեպի ընտանեկան ամբողջատիրություն, ապա Արցախում՝ դեպի ժողովրդավարություն: Մենք պետք է այդ ազդակները հաղորդենք միջազգային մեր գործընկերներին»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ Արցախ այցելող արտասահմանցի գործընկերները հիացած են վերադարձել՝ հասկանալով, որ Արցախում կա 150.000 ազատության մարտիկ, եւ որ Արցախի պայքարը ոչ թե Ադրբեջանի դեմ է, այլ՝ հանուն ազատության եւ անկախության:

Ավարտելով խոսքը՝ պարոն Շարմազանովն ընդգծել է, որ Արցախի հարցում ՀՀ խորհրդարանում կուսակցական պատկանելությունն առաջնային չէ, բոլորն այս հարցում ունեն միանման դիրքորոշում:

Ամփոփելով նիստի առաջին մասի աշխատանքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են կառավարման որակի եւ ժողովրդավարական մակարդակի բարելավման նպատակով: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ եւ Հայաստանում, եւ Արցախում ընտրվել է լավագույն ճանապարհը՝ անվտանգության, ինչպես նաեւ քաղաքացիների բարեկեցության ապահովման առումով:

«Միջազգային հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումները. հին կարծրատիպեր եւ նոր միտումներ» թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Արցախյան հիմնախնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է: Բոլոր հարթակներում՝ եւ՛ օրենսդիր, եւ՛ գործադիր իշխանությունները համատեղ ջանքերով աշխատում են, որպեսզի այս հիմնախնդիրը միջազգային հանրության շրջանակներում ստանա պատշաճ պարզաբանումներ եւ ստեղծվի համապատասխան բարենպաստ քաղաքական միջավայր խնդրի կարգավորման համար»,- ընդգծել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը կարեւորագույն նախապայման է համարել արցախյան խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնելը, որպեսզի նոր քաղաքական իրավիճակներում եւ համաշխարհային զարգացումներում հարցը մնա արդիական:

«Արցախյան հիմնախնդիրը, լինելով յուրօրինակ, այնուամենայնիվ, արեւմտյան քաղաքական դասակարգումներով դասվում է միջազգային առհասարակ չլուծված հակամարտությունների ընդհանուր խմբի խնդիրներից մեկում: Հետխորհրդային տարածքներում ծագած հակամարտություններն ունեն իրենց ծագումնաբանությունը, պատճառները, կարգավորման իրավական ռեժիմները, զարգացման փուլերը եւ այսօրվա միջազգային ձեւաչափերը: Հետեւաբար, դասվելով այդ չլուծված հակամարտությունների ենթախմբում, մենք ստանում ենք լրացուցիչ մարտահրավերներ, որոնք կարեւոր են, որպեսզի միջազգային հանրության շրջանակներում տարբերակենք արցախյան հակամարտությունը հետխորհրդային տարածքների այլ խնդիրներից: Հայ քաղաքական մտքի եւ դիվանագիտական ջանքերի կարեւոր ուղղություններից է Մինսկի խմբի համանախագահների բնականոն գործունեության ապահովումը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Այսքանով ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am